Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը որոշել է երկարաձգել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը մինչև 2036 թ․–ը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով․ ԱԳ նախարար

21.05.2024, 11:36
Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մայիսի 20–ին Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովի ժամանակ
Հայաստանը որոշել է երկարաձգել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը մինչև 2036 թ․–ը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մայիսի 20–ին Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովի ժամանակ։

«Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Ընդգրկուն երկխոսության խթանումը, տեղեկատվության փոխանակումը և լավագույն փորձի կիրառումը կարևոր են սպառնալիքների արդյունավետ նույնականացման և կառավարման համար», – հայտարարել է Միրզոյանը։

Նրա խոսքով, ԱԷՄԳ կենտոնական դերակատարությամբ՝ գործընկերների հետ միջազգային համագործակցությունը էական դերակատարություն է ունեցել միջուկային անվտանգության և ապահովության բնագավառում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան:

«Հայաստանն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով: Մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ապահովվի խիստ սահմանային վերահսկողություն՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը կանխելու համար: Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են», – հայտարարել է Միրզոյանը։

Նա նշել է, որ վկայակոչելով ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի բանաձևերը և որոշումները՝ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի Կանոնադրության, Միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները:

Նա վերահաստատել է Հայաստանի անսասան նվիրվածությունը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման ընդհանուր նպատակներին, միջուկային զենքի չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: