Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Իրանը մտադիր է մասնակցել Գորիս–Կապան շրջանցիկ ճանապարհի կառուցմանը

05.10.2021, 15:37
Իրանական պատվիրակությունը Երևանում է
Իրանը մտադիր է մասնակցել Գորիս–Կապան շրջանցիկ ճանապարհի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Իրանի պատվիրակությունը, ճանապարհների և քաղաքաշինության հարցերով փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարության և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմի գլխավորությամբ, գտնվում է Երևանում։

Այցի նպատակն է քննարկել Հայաստանի տարածքում Իրանի մասնակցությամբ տարանցիկ ճանապարհի կառուցումը` որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհին, հաղորդում է Mehr-News լրատվական գործակալությունը։

Հրատարակությունը նշում է, որ վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանը խիստ կանոններ է ներդրել իրանական բեռնատարների նկատմամբ, որոնք երթևեկում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ընդ որում, Նորդուզ սահմանակետից մինչև Երևան ձգվող 400կմ–անոց ճանապարհի միայն 20կմ–ն է անցնում Ադրբեջանի տարածքով։

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում իրանական բեռնատարների վարորդները ստիպված են լրացուցիչ տուրք վճարել 20 կմ–անոց ճանապարհը հատելիս (խոսքը Հայաստանի հարավում գտնվող մայրուղու հատվածի մասին է, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, խմբգր.)։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի հարավում շրջանցիկ ճանապարհների երեք հատվածներում մինչև ձմռան սկիզբ կսկսի կառուցվել գրունտային ճանապարհ, ամբողջությամբ ասֆալտապատ ճանապարհը պատրաստ կլինի գարնանը։–0–