Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15–րդ միջոցառումը

30.04.2020, 16:05
Միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը
Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15–րդ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը։

15–րդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200մլն դրամ։

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին։

Համավարակի պատճառով բարդ դրության մեջ հայտնված ձեռներեցներին և քաղաքացիներին աջակցելու նպատակով իշխանությունները հաստատել էին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում։ Դրանցից վեցը վերաբերում է տնտեսական աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես և այլ ոլորտներ), իսկ ութը բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությունն է։ Միաժամանակ վեց ծրագրերով դրամական միջոցները քաղաքացիներին փոխանցվելու են ավտոմատ` վճարված հարկերի մասին տվյալների հիման վրա, այս մեխանիզմը գործելու է նաև կոմունալների և պետական նպաստների մասով։–0–