Պետբյուջեի հարկային եկամուտները նախատեսվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 մլրդ դրամով. Փաշինյանը խոսեց տնտեսական իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Պետբյուջեի հարկային եկամուտները նախատեսվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 մլրդ դրամով: Իսկ առանց օրենսդրական փոփոխությունների ստացած եկամուտները կազմել են շուրջ 110 մլրդ դրամ: 2018 թ.-ից հետո պետբյուջեի հարկային եկամուտներն աճել են շուրջ 35 %-ով:
Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տվյալներ ներկայացրեց աշխատատեղերի մասով՝ նշելով, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ 646 000, որը 2021 թ-ի համեմատ ավել է 10.3 %-ով, 2019 թ.-ի նկատմամբ՝ 12.7 %-ով:
«Նույնը վերաբերվում է միջին աշխատավարձին՝ 2022 թ.-ի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է, որը 2021 թ.-ի փետրվարի նկատմամբ ավել է 9 %-ով, 2019 թ.-ի փետրվարի համեմատ՝ 25.3 %-ով», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանում ստեղծված սոցիալական վիճակին:
«Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պետք է հավելեմ, որ ամբողջ աշխարհն է գտնվում նույն վիճակում: Հիմա ողջ աշխարհտ գնաճի աննախադեպ բարձր փուլում է, և դրա պատճառները կարելի է իմանալ՝ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շատ երկրների համեմատ, Հայաստանը դեռ մի բան էլ ավելի լավ վիճակում է: Նա ընդգծում է՝ երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում:
«Որովհետև մենք վերացրեցինք արհեստական մենաշնորհները: Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, և չեն էլ բարձրանա, որոշ դեպքերում նաև ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում էլ կունենանք»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ պետք է սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնեд, և դա արվում է այնքանով, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն:
«Իսկ թե մենք ինչպես ենք հավաքագրում հարկերը, ցույց են տալիս 2021 թ.-ի՝ մեզ համար ամենաճգնաժամային ժամանակաշրջանի տվյալները: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 %-ով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ կան շահարկումներ այն մասին, որ բարձրացվում են իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը, մինչդեռ բավարար չափով չեն բարձրացվում կենսաթոշակները:
«Պետք է հաշվի առնել երկու բան: Նախ` մի բան է բարձրացնել 500 հոգու, 5 000 հագու, նույնիսկ 20 000 մարդու աշխատավարձ, բոլորովին ուրիշ բան է բարձրացնել 550 000 հոգու թոշակ, կամ 600 000 հոգու աշխատավարձ: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Ամեն հնարավոր բան արվում է, որպեսզի կենսական անհրաժեշտ որոշումներն օր առաջ կյանքի կոչենք»,- մանրամասնեց վարչապետը:
Նրա խոսքով՝ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձերը բարձրացվում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, քանի որ իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, ինչպես նաև այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը:
«Իսկ տնտեսության հետ կապված՝ ուզում եմ խոսել լավատեսական նորությունների մասին։ Պետք է արձանագրենք, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք։ Մարտի առաջին 20 օրվա տվյալներով՝ Հայաստանում ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվը ավելացել է շուրջ 510 000-ով, իսկ դրամաշրջանառությունը աճել է ավելի քան 60 մլդր դրամով»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա հիմնական ցուցանիշ չէ, բայց դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022թ.-ին մարդկանց մեծ ներհոսք կա դեպի Հայաստան, սա օգնելու է, որպեսզի լավ տնտեսական ակտիվություն ստեղծվի:
«Այն ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով և այդ տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է մեզ վրա։ Մենք գտնվում ենք երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, և մեզ համար ցանկալի կետին հասնելու համար պետք է ցուցաբերենք ճկունություն և լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ»,-ասաց Փաշինյանը։-0-