Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Փորձագետ․ Հայաստանում կա միլիարդ դոլարների ներդրումային կապիտալ, խնդիրը լավ ներդրումային նախագծերի բացակայությունն է

06.03.2024, 11:05
Հայաստանում կա կապիտալի մեծ ծավալ, որը կարող է ներդրվել համապատասխան ներդրումային նախագծերի առկայության դեպքում
Փորձագետ․ Հայաստանում կա միլիարդ դոլարների ներդրումային կապիտալ, խնդիրը լավ ներդրումային նախագծերի բացակայությունն է
ԵՐԵՎԱն, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կան մի քանի միլիարդ դոլարի միջոցներ, որոնք կարող են ուղղվել ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը, հայտարարեց Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Հայաստանում կա կապիտալի մեծ ծավալ, որը կարող է ներդրվել համապատասխան ներդրումային նախագծերի առկայության դեպքում։ Խնդիրը բիզնեսների պատրաստվածության աստիճանն է, որպեսզի դրանք լինեն թափանցիկ, հաշվետու, ներշնչեն հավատ ներդրողներին։ Հայաստանում կապիտալի պակաս չկա», – ասաց նա լրագրողներին «Հայաստանի կապիտալի շուկաներ․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումի շրջանակում։

Խոսելով այն մասին, թե Հայաստանում ինչ ծավալի կապիտալ կարող է ուողղվել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը՝ Զաքարյանը որպես օրինակ նշեց, որ բանկային ավանդների և բանկերի կողմից տրամադրվող բոլոր տեսակի վարկերի տարբերությունը կազմում է 2,6մլրդ դոլար՝ հօգուտ ավանդների, այսինքն բանկերը հավաքել են 14մլրդ դոլարի ավանդ և տրամադրել են 11,4մլրդ դոլարի վարկ։

«Բանկային համակարգի սեփական կապիտալը կազմում է 3,6մլրդ դոլար, ինչը ևս պետք է ներդրվի։ Բանկերը տարբեր միջազգային կազմակերպություններից արտոնյալ մեխանիզմներով ներգրավել են վարկեր, որոնք բաշխված են։ Կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են ավելի քան 2մլրդ դոլարի ակտիվներով, որոնք ևս ներդրվում են։ Կան նաև վարկային, ապահովագրական, ներդրումային ընկերություններ․․․ Հայաստանում փողի հետ կապված խնդիր չկա, եթե մշակվի լավ և վստահելի ներդրումային նախագիծ, այն ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չի ունենա», – ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե որ ոլորտներն են առավել հեռանկարային ներդրումների համար՝ փորձագետը նշեց շինարարությունը, ծառայությունների ոլորտը, այդ թվում՝ ֆինանսական։

«Բնականաբար, ֆինանսական հատվածն ու ՏՏ ոլորտն ունեն աճի շատ ավելի մեծ ներուժ, որը կարող է լինել էքսպոնենցիալ՝ ի տարբերություն տնտեսության շատ այլ ոլորտների, որոնց աճը սահմանափակված է օբյեկտիվ գործոններով, այդ թվում՝ բնակչության թվով, սահմանային խնդիրներով, դեպի ծով Հայաստանի ելքի բացակայությամբ», – ավելացրեց Զաքարյանը։–0–