Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Շանհայի համագործակցության կազմակերպությունը շահագրգռված է Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմամբ․ գլխավոր քարտուղար

07.06.2024, 15:27
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության և հետագա փոխգործակցության շուրջ
Շանհայի համագործակցության կազմակերպությունը շահագրգռված է Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմամբ․ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման գործում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության և հետագա փոխգործակցության շուրջ: 

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մշտական գործող,​​միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» և Ուզբեկստանի կողմից։ «Շանհայան հնգյակի» մեխանիզմը ստեղծվել է 1996-1997 թվականներին Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդման և սահմանամերձ շրջաններում զինված ուժերի փոխադարձ կրճատման մասին համաձայնագրերի ստորագրման արդյունքում։

2002 թվականի հունիսին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների պետերբուրգյան գագաթնաժողովում ստորագրվեց Շանհայի համագործակցության կազմակերպության խարտիան՝ հիմնական կանոնադրական փաստաթուղթը, որը ամրագրում է կազմակերպության նպատակներն ու սկզբունքները, կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները։ Խարտիայի 16-րդ հոդվածի համաձայն՝ ՇՀԿ-ում որոշումներն ընդունվում են անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա։