ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել շաքարավազի շուկայում գործող 8 ընկերությունների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն «Շաքարավազ» ապրանքային շուկայում կապված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների հետ:
ՏՄՊՊՀ-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել oրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:
«Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը՝ Հանձնաժողովը ո ր ո շ ու մ է 1. «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ» «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ», «Սաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել վարչական վարույթ»,- ասվում է ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:-0-