Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
441.92
RUB
4.7305
GEL
141.7
2025 թ. ապրիլի 29, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՏՄՊՊՀ–ում բացահայտվել են հափշտակության և յուրացման դեպքեր, հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ (ՎԻԴԵՈ)

15.09.2020, 23:16
ՏՄՊՊՀ–ում բացահայտվել են հափշտակության և յուրացման դեպքեր, հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ. ՎԻԴԵՈ
ՏՄՊՊՀ–ում բացահայտվել են հափշտակության և յուրացման դեպքեր, հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները: Կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ստացվել են նաև փաստական այլ տվյալներ:

ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնատար անձինք, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա:

«Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար: Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ:–0–