Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսվա ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 1,3 տրլն. դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։
Խոշոր հարկատուների տասնյակում են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (83,7 մլրդ դրամ), Մոբայլ Սենթր (49,1 մլրդ դրամ), Գրանդ Տոբակո (39,8 մլրդ դրամ), Գազպրոմ Արմենիա (36,3 մլրդ դրամ), Փրիթի Ուեյ (28 մլրդ դրամ), Ամերիաբանկ (20,4 մլրդ դրամ), ՍԻ ՓԻ ԷՍ Energy Group (17,6 մլրդ դրամ), Ֆիլիպ Մորիս Արմենիա (14,7 մլրդ դրամ), Վիվա Արմենիա (14,5 մլրդ դրամ) և Սիթի (13,9 մլրդ դրամ):