Եվրամիությունը Հայաստանին 1 մլն եվրո կհատկացնի Twinning ծրագրի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը Հայաստանին 1 մլն եվրո կհատկացնի Twinning-ԵՄ հերթական ծրագրի շրջանակներում՝ ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և Էկոնոմիկայի նախարարության սպառողների շահերի պաշտպանության ու ԵՄ չափանիշների ներդաշնակեցման ուղղությամբ։
Երևանում երկուշաբթի մեկնարկած մեկուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակը ստանդարտացման, հավաստագրման և շուկայի վերահսկողության համար պատասխանատու կառույցների դերի ամրապնդումն է, ինչպես նաև ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ՀՀ օրենսդրությանը։
«Չնայած, որ Հայաստանի ոչ պարենային շուկայի զարգացման ընդունած կռազմավարությունը հաջողությամբ իրագործվում է, սակայն հետագա զարգացման համար անհրաժեշտ է էական առաջընթաց»,- նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ծրագրի մեկնարկի առիթով հրավիրված նիստում։
Ծրագրի ղեկավար Դևիդ Բեյքերն իր հերթին հայտնեց, որ ծրագրի իրագործումը թույլ կտա ապահովել Հայաստանի սպառողական ապրանքների անվտանգությունը՝ դրանով իսկ պաշտպանելով հայ սպառողի իրավունքները։
Ըստ նրա, ծրագրի իրականացման վերահսկողություն իրականացնելու համար Հայաստան կժամանեն տվյալ ոլորտի առաջատար փորձագետներ։
Ծրագիրը կիրականացվի «Հյուսիսային Իռլանդիայի միջազգային համագործակցություն» կազմակերպության կողմից՝ Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ոչ պարենային ապրանքների պետական վարչության աջակցությամբ։
Twinning ծրագրերը Եվրոպական հարևանության և համագործակցության մեխանիզմի շրջանակներում Հայաստանում իրագործվում են 2009 թվականից։ Այդ մեխանիզմի նպատակը պետկառույցների ինստիտուցիոնալ բարեփոխումներն են ԵՄ չափանիշներին և գործող մոդելներին համապատասխան, Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը։
Այսօր Հայաստանում արդեն ավարտված է Twinning մեկ ծրագիր, և իրագործման փուլում են ևս 14-ը։ Հայաստանում Twinning ծրագրերն իրագործվում են 14 ոլորտներում, մասնավորապես, ստանդարտացման, կրթության, ֆինանսների կառավարության, որակի վերահսկման, քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ -0-