Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում 2022թ.-ին կանխատեսվում է մոտ 150 հազար տոննայի միրգ-բանջարեղենի մթերման ծավալ

09.06.2022, 16:37
2022 թվականին Հայաստանում բանջարեղենի և մրգերի մթերման կանխատեսվող ծավալները կկազմեն 149,3 հազար տոննա, ինչը գրեթե 70 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից
Հայաստանում 2022թ.-ին կանխատեսվում է մոտ 150 հազար տոննայի միրգ-բանջարեղենի մթերման ծավալ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. 2022 թվականին Հայաստանում բանջարեղենի և մրգերի մթերման կանխատեսվող ծավալները կկազմեն 149,3 հազար տոննա, ինչը գրեթե 70 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստի ժամանակ։

Կառավարությունն այսօր 2021 թվականի հուլիսի 15-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ է ընդունել, որոնք, ըստ Քերոբյանի, վերաբերում են մթերման համար վարկերի շրջանակում պետական ​​երաշխիքների տրամադրմանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի կառավարությունը ներդրել է նոր գործիք, որի միջոցով պետությունը մթերումների համար տրամադրել է վարկերի մասնակի երաշխիքներ, որպեսզի գյուղմթերք մթերող կազմակերպությունները կարողանան գնել այնքան, որքան անհրաժեշտ է։

«Նախորդ տարի այս գործիքը բավականին լավ աշխատեց՝ 9 կազմակերպության տրամադրվել է 5,4 մլրդ դրամ բյուջետային երաշխիք, այդ կազմակերպություններից 7-ը խաղողի մթերողներ են, 2-ը՝ բանջարեղենի և մրգի»,- ասաց նա։

Քերոբյանն ընդգծեց, որ հունիսի 7-ի դրությամբ պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարում մթերումների կանխատեսվող ծավալները կկազմեն 149,3 հազար տոննա՝ նախորդ տարվա 80 հազար տոննայի համեմատ։ Այդ քանակից մոտ 100 հազար տոննան բանջարեղեն է, մոտ 50 հազար տոննան՝ միրգ։

«Այս տարի մենք ներդրել ենք պայմանագրերի նախաստորագրման մեխանիզմ, և մայիսի 31-ին արդեն լրացել է բանջարեղենի և մրգերի մթերման պայմանագրերի կնքման ժամկետը, այս պահին առկա արդյունքն է՝ կնքվել է բերքի մթերման 1500 պայմանագիր, որոնց համաձայն պետք է մթերվի 12մլրդ դրամի 81,6 հազար տոննա բանջարեղեն և միրգ»,- տեղեկացրեց նա։

Նախարարը նշեց, որ դա կապահովի մթերման ընդհանուր ծավալի կեսը։ Նրա խոսքով, այս գործիքը կընդլայնվի, որպեսզի գյուղմթերք մթերողների և արտադրողների հարաբերությունները դառնան ավելի երկարաժամկետ և հուսալի՝ ավելի մեծ կանխատեսելիության և երկու կողմերի համար ավելի լավ հեռանկարների համար ($1 - 430,79 դրամ)։ -0-