Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Պետբյուջեով 2022թ.–ի համար նախատեսված են շուրջ 350մլրդ դրամի կապիտալ ծախսեր. Փաշինյան

13.04.2022, 15:40
Փաշինյանի խոսքով, կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկն է
Պետբյուջեով 2022թ.–ի համար նախատեսված են շուրջ 350մլրդ դրամի կապիտալ ծախսեր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. 2022 թվականի համար կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը մենք համարում ենք երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը, որովհետև այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը», – ասաց վարչապետը` ներկայացնելով կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը։

Նրա խոսքով, այդ ցուցանիշը 60%–ով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք ունենք քաղաքական որոշում տնտեսական զարգացման որևէ սցենարի դեպքում չկրճատել կապիտալ ծախսերը: Հիշեցնեմ, որ բյուջեի կապիտալ ծախսերը իրականացվում են մասնավոր հատվածի միջոցով և հույս ունեմ, որ նախ կառավարությունը կկարողանա որակյալ կերպով ընթացքավորել համապատասխան տողերը, իսկ բիզնեսը կկարողանա կատարել կառավարության պատվերը՝ բարձր որակով, պատշաճ ժամանակում և ըստ էության սա դեռևս 2018 թվականին մեր առաջարկած «հարստացիր ևհարստացրու» բանաձևի գործնական իրականացման մեխանիզմներից է», – նշեց վարչապետը։

Անդրադառնալով 2021 թվականի բյուջետային ցուցանիշներին` Փաշինյանը նշեց, որ հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ են իրականացրել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս:

«Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217.8 միլիարդ դրամ: Ընդ որում, 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և 65,8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը», – ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թվականի 92,3% կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թվականին այն եղել է 84,9%, 2019 թվականին՝ 73,5 %, իսկ 2018 թվականին 74,0 %:

Որպես արդյունք 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12,1%: Էական աճ է արձանագրել միջին և համախառն աշխատավարձը ($1 - 473,13 դրամ):–0–