Կառավարությունը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր կառավարության հերթական նիստում քննարկման ներկայացվեց 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով անդրադառնալով հիմնական ֆինանսական ցուցանիշներին՝ նշեց, որ 2025 թվականի ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,6 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս:
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ՝ 0,1, իսկ 2024-ի սպասողականի համեմատ՝ 0,7 տոկոսային կետով՝ հասնելով Կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին»,- նշեց Հովհաննիսյանը:
Նախարարը ներկայացրեց, որ պետական բյուջեի ծախսերը նախատեում են 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 749 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ:
«Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025-ին կհասնի 6,6 %-ի, ծախսային քաղաքականությունը՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության լրացուցիչ նախաձեռնություններով և համակարգային բարեփոխումներով ուղղված է լինելու մարդկային կապիտալի առավել արդյունավետ զարգացմանը և իրացմանը, իսկ պետական ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ կրթական և նախակրթական հաստատություններ, ճանապարհներ, ջրամբարներ և այլն, ներդրումներ իրականացնելու միջոցով ֆիզիկական կապիտալի կուտակմանը:
Նրա խոսքով՝ բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ:
«Արդյունքում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5 տոկոս»,- նշեց նախարարը։