Հայաստանի բյուջեի պակասուրդը մարտին կազմել է 4,7մլրդ դրամ, տարեսկզբից մասնաբաժինը ՀՆԱ–ում՝ 0,01%․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի մարտին գրանցվել է բյուջեի 4,7 մլրդ դրամի պակասուրդ, նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2024» զեկույցում։
Հարկային մուտքերն անվանական արտահայտությամբ մարտին աճել են 9,5%-ով (տարեկան)՝ հիմնականում եկամտահարկի և շահութահարկի հավաքագրման հաշվին (համապատասխանաբար 28% և 44% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Սա մասամբ արտացոլում է 2023թ․–ին ուժեղ տնտեսական ակտիվությունը և ընկերությունների բարձր շահութաբերությունը։
«Մյուս կողմից, ակցիզային հարկի հավաքագրումը տարեկան կտրվածքով նվազել է 40.4%-ով` ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի ցածր գանձումների արդյունքում՝ պայմանավորված ալկոհոլային խմիչքների և ծխախոտի ներմուծման ավելի ցածր ցուցանիշներով», - նշվում է ուսումնասիրության մեջ։
Ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 16,1%-ով, ինչը պայմանավորված է սոցիալական ծախսերի 26% աճով (այդ թվում՝ փախստականների աջակցությունը) և 25,2% պաշտպանական ծախսերի աճով: Բյուջեի պակասուրդը տարեսկզբից աննշան էր (ՀՆԱ-ի 0,01%-ը)։