Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀԲ–ն Հայաստանին 72 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի մակրոտնտեսական կայունության խթանման համար

08.11.2013, 16:47
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 7-ին հաստատել է $72 մլն վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է լինելու մակրոտնտեսական կայունության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության կայունության մեծացման միջոցով ցնցումների նկատմամբ ճկունության ապահովման բարեփոխումներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
ՀԲ–ն Հայաստանին 72 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի մակրոտնտեսական կայունության խթանման համար
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 7-ին հաստատել է $72 մլն վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է լինելու մակրոտնտեսական կայունության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության կայունության մեծացման միջոցով ցնցումների նկատմամբ ճկունության ապահովման բարեփոխումներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սա երեք ԶՔԳ-ների շարքի առաջին ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է:

Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանին կրճատելու աղքատությունը և նպաստելու ընդհանուր բարեկեցությանը՝ աճը խորացնող բարեփոխումների ճանապարհով:

Ինչպես նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, այս ԶՔԳ-ի ներքո նախատեսվում է ծրագրային աշխատանքների շարք, որը կլրացնի Հայաստանի զարգացման պատկերը։

«Առաջարկվող նոր շարքում ճգնաժամի հանդեպ խոցելիությունների մեղմացումից շեշտադրումը փոխվում է դեպի միջնաժամկետ օրակարգ, դեպի աճի շարժիչ գործոնների ամրապնդում: Բանկը պատրաստ է աջակցել այս մարտահրավերներին դիմակայելու պատկան մարմինների ջանքերին»,– ասել է նա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագիրը կառուցված է երկու հենասյուների շուրջ:

Առաջինը՝ գործարար միջավայրի ու հանրային վարչարարության կարևորագույն բարեփոխումների միջոցով նպատակ ունի ամրապնդել մրցունակությունը: Ակնկալվում է, որ այս քայլերը կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը՝ բիզնես վարելու ծախսերը նվազեցնելու, ՓՄՁ-ների համար վարկային ռեսուրսների հասանելիությունը մեծացնելու, Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս առևտրի ու կապերի մեծացման  միջոցով զբաղվածության ու աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները մեծացնելու միջոցով: Բացի այդ, հանրային վարչարարության բարեփոխումները կհանգեցնեն ծառայությունների առավել համընդգրկուն հասանելիության, ռեսուրսների առավել արդյունավետ տնօրինման և կուռ քաղաքականության ձևավորման:

Երկրորդը՝ ցնցումների նկատմամբ տնտեսության ճկունության մեծացումն է ու երկարաժամկետ կայունության ապահովումը՝ հարկաբյուջետային տիրույթի ձևավորման, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման, հանրային ծառայություններն ու ապրանքները ավելի լայնորեն հասանելի դարձնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկային առաջին հատկացումը նախապատրաստելու ընթացքում Համաշխարհային բանկն աջակցել է պատկան մարմիններին հետևյալ հարցերում. միջնաժամկետ հեռանկարում  այս  ԶՔԳ-ը կօգնի կառավարությանը հետևյալ հարցերում. 1) տեսչական ստուգումների բեռի կրճատում տնտեսավարողների համար՝ տեսչական կառույցների 50 տոկոս կրճատման միջոցով, 2) վարկային հաշվետվությունների արդյունավետության ու թափանցիկության, գրավի ռեժիմի և սնանկության պահանջների բարելավում ՓՄՁ-ների համար վարկային ռեսուրսների հասանելիության բարելավման նպատակով, 3) քաղծառայության գրավչության մեծացում մասնագիտական անձնակազմի համար, 4) հանրային վարչարարության արդյունավետության ու թափանցիկության մեծացում էլեկտրոնային կառավարման համակարգերի առավել լայն ու ապահով գործարկման միջոցով, 5) մաքսային գործառույթների արդյունավետության և թափանցիկության մեծացում, 6) խմելու և ոռոգման ջրի կառույցների ֆինանսական ինքնաբավության բարելավում և 7) ճանապարհների ավելի քան 60 տոկոսի պահպանման աշխատանքների կանոնավոր իրականացում:

Ըստ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և ծրագրային թիմի ղեկավար Ուլրիխ Բարթչի` զարգացման քաղաքականության այս գործառնության ներքո աջակցություն է ցուցաբերվում բարեփոխումների այնպիսի մի փաթեթի, որը նախատեսված է ապահովել Հայաստանի տնտեսության հետևողական բարձր աճ։

«Մենք օգնում ենք Հայաստանի կառավարությանը աշխատատեղերի ստեղծման խնդիրը լուծելու հարցում՝ տնտեսության մրցունակությունը և ինքնաբավությունը մեծացնելու միջոցով»,– ասել է նա։

Զարգացման քաղաքականության առաջին գործառնությունը ներառում է $41 մլն փոխառություն Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) և $31 մլն-ի վարկ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ): ՄԶԸ-ի փոխառությունը տրվում է 25 տարով, այդ թվում` 5 տարի արտոնյալ ժամանակաշրջան, իսկ ՎԶՄԲ-ի վարկը տրվում է 25 տարով և ունի 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:

1992-ից ի վեր, այսինքն` Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցության պահից մինչ օրս, տարբեր ծրագրերի համար հատկացվել է $1,746 մլրդ: –0–