Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, էկոնոմիկայի նախարարը խոսել է 120մլն եվրո ներդնելու անհրաժեշտության մասին
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./ԱՌԿԱ/. Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։
Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով, դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ ԱՅՍՕՐ, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։
«Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44հզ տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը», – նշել է Քերոբյանը:–0–