Ջրբաշյանը կանխատեսում է 8,5% – 9,2-9,3%–անոց տնտեսական անկում տարվա վերջի արդյունքում
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպասվում է լուրջ տնտեսական անկում, հատկապես այն կանդրադառնա ներկրման և արտահանման ոլորտին։
Այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Որպես երկու որոշիչ գործոններ, որոնք այս տարի հսկայական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա, փորձագետները նշել են պատերազմը, դրա հետևանքներն ու կորոնավիրուսի բռնկումը։
«Մեր գնահատականներով, տարին մենք կփակենք 8,5% – 9,2-9,3%–անոց տնտեսական անկմամբ։ Համապատասխանաբար, կլինի լուրջ անկում ներկրման ոլորտում` հատկապես հաշվի առնելով այն գործոնը, որ նախորդ տարի գրանցվել է մեծ ցատկ ավտոմեքենաների ներկրման մեջ։ Այս տարի նման ֆենոմեն չկա, ինչի հետևանքով կլինի ներկրման անկում։ Իհարկե, կա արտահանման անկում, և այդ անկումը ևս կշարունակվի», – ասաց Ջրբաշյանը։
Ջրբաշյանի խոսքով, հասարակությունը դեռ այնքան էլ չի գիտակցում, թե Հայաստանի տնտեսության ինչ փոփոխություններ են սպասվում, և, նրա գնահատմամբ, դրանք, ամենայն հավանականությամբ, կկրեն երկարատև բնույթ։
«Կա «կատարյալ փոթորիկ» տերմին, ահա մենք հիմա գտնվում ենք նման կատարյալ փոթորիկի վիճակում, քանի որ այս պահին չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք չունենանք լուրջ ճգնաժամ», – ասաց Ջրբաշյանը։
Նա նաև նշեց հիմնական գործոնը, որը լուրջ ազդեցություն կունենա տնտեսական ներուժի զարգացման վրա։
«Հիմնական մարտահրավերներից մեկը մարդկային կապիտալն է, որն առանց այս իրավիճակի էլ գտնվում էր չափազանց ծայրահեղ վիճակում` հաշվի առնելով այն ժողովրդագրական փոսը, որի միջով անցնում է մեր երկիրը` սկսած նախորդ տարվանից։ Այն պայմանավորված է աշխատաշուկայում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների թվի լուրջ կրճատմամբ», – նշեց Ջրբաշյանը։
Նրա խոսքով, մարդկային կապիտալը տուժում է և քանակական, և որակական։ Այս ոլորտում ճգնաժամային իրավիճակը խորանում է պատերազմի ընթացքում զոհված և վիրավորված երիտասարդների թվով։
Ջրբաշյանը նշեց, որ քաղաքական անորոշությունը երկրում լուրջ ազդեցություն է գործում տնտեսության վրա, և իշխանությունները դեռ չեն կարողանում պատշաճ արձագանքել այդ փոփոխություններին, ինչը հանգեցնում է իրավիճակի վատացման։
Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել էր, որ 2020թ.–ի արդյունքում ակնկալվում է տնտեսական անկում, բայց 2021թ.–ի սպասվում է որոշակի աճ։
Նա նշել է, որ ԿԲ–ի` 2020թ.–ի արդյունքում տնտեսական աճի կանխատեսումները չեն փոխվել և շարունակում են մնալ 7,2% անկման մակարդակում։ 2021թ.–ի կանխատեսման կապակցությամբ ԿԲ նախագահը նշել է, որ ակնկալվում է աճ` ընդգծելով, որ վաղաժամ է հրապարակել թվեր։ Նա ավելացրել է, որ այդ ցուցանիշը կհրապարակվի ԿԲ–ի եզրափակիչ հաշվետվության մեջ դեկտեմբերի 29–ին։ Նաև հաղորդվել է, որ ԱՄՀ–ն 2020թ.–ի արդյունքում կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ–ի 7,25%–անոց անկում, իսկ 2021թ.–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 1%–անոց աճ։
ՀՀ պետբյուջեի նախագծով, սկզբում տնտեսական աճը 2020թ.–ին նախատեսված էր 4,8%–ի չափով, սակայն ավելի ուշ, հաշվի առնելով հանգամանքները, այն վերանայվեց դեպի նվազում`տարեվերջին 6%–ի սահմանում, իսկ վերջին հոկտեմբերյան կանխատեսմամբ կարող է հասնել 7,9%–ի։–0–