«Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 51%–ը պատկանում է գյումրեցի ատամնաբույժի

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավիաոլորտ մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է գյումրեցի ատամնաբույժի, գրում է «Ժամանակը»։
Թերթի հաղոդմամբ` նա Աշոտ Թորոսյանն է, ով թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ որևէ պաշտոնյա կամ օլիգարխ իր հետևում կանգնած չէ։
«Չէ՛, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերը իմ մոտիկ բարեկամներն են», – նշել է Թորոսյանը։
Թերթի այն հարցին, թե գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն բացել, Թորոսյանը պատասխանել է. «Դե, ինչ-որ տեղ՝ հա, ինչ ասեմ»»,–գրում է թերթը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հետ առնչությանը, գյումրեցի ատամնաբույժը նշել է. «Կոնկրետ, որպես ՀՀ քաղաքացի, ես գիտեմ` վարչապետն ով է, բայց ընդհանրապես կապ չունեմ»։
Աշոտ Թորոսյանը ևս չի բացահայտել, թե որքան է եղել իր ներդրումը։
«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է։ Ըստ նրա, ընկերությունն արդեն շահագործման հավաստագիր է ստացել և դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` թռիչքներ իրականացնելու համար։
«Armenia» ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլու խոսքով`«Armenia» ավիաընկերությունն առաջին թռիչքները կիրականացնի դեպի Իսրայել և Ռուսաստան։
Գաիաշվիլու խոսքով` ընկերությունը ծրագրում է սակագնային ճկուն քաղաքականություն, որը նախատեսում է, որ, թռիչքից երկու ամիս առաջ տոմս ձեռք բերելու դեպքում այն կարժենա 49 եվրո (հաշվի առնելով` տուրքերն ու հարկերը` շուրջ 96 եվրո) ցանկացած ուղղությամբ։–0–