«Գազպրոմն» ու Իրանը փոխանակման գործողությունների հարցեր են քննարկում Հայաստան գազի մատակարարման շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմն» ու Իրանը փոխանակման գործողությունների հարցեր են քննարկում Հայաստան գազ մատարարելու շրջանակում։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին, այս մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը` ամփոփելով Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախաբեր Քալաձեի հետ Լյուքսեմբուրգում կազմակերպված հանդիպման արդյունքները։
«Այո, նման թեմա քննարկվել է, հիմա մեր իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակման գործողությունների հարցերը», – ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, Վրաստանի տարածքով գազի տեղափոխման շուրջ բանակցությունների ժամանակ քննարկվե՞լ է Իրանից Հայաստան գազի մատակարարման թեման։
Ինչպես պարզաբանում է գազային հոլդինգի տեղեկատվական վարչությունը, «Գազպրոմն» ու Վրաստանը երեքշաբթի շարունակել են Վրաստանի տարածքով ռուսական գազի տեղափոխման և հանրապետություն գազի կոմերցիոն մատակարարման հարցերի քննարկումը։ 2014 թ.–ին «Գազպրոմ» խումբը Վրաստան է մատակարարել 0,3 մլրդ խորանարդ մետր գազ։
Հայաստան–Իրան գազատարը բացվել է 2007 թ.–ին։ Ստացված գազի դիմաց Հայաստանը Իրանին է տրամադրում էլեկտրաէներգիա (յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա)։
2014 թ.–ի ընթացքում Իրանից Հայաստան է ներկրվել 383 մլն խմ գազ` հազար խմ–ի դիմաց մոտ 189 դոլար արժեքով։ Իրանական գազը Հայաստանում չի իրացվում ձեռնարկությունների կամ բնակչության կողմից, այն Երևանի ՋԷԿ–ում վերածվում է էլեկտրաէներգիայի, ինչից հետո զգալի մասը կրկին մատակարարվում է Իրան։–0–