ՀՀ ԿԲ-ն արձանագրում է տնտեսական աճի հեռանկարների վատացում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը կարծում է, որ 2016 թ. առաջին կիսամյակում գրանցված բարձր տնտեսական ակտիվությունից հետո, երրորդ եռամսյակում հրապարակվող ցուցանիշները վկայում են տնտեսական աճի հեռանկարների վատացման մասին:
Ինչպես ուրբաթ հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, այդ մասին նշվել է սեպտեմբերի 27-ին կայացած ԿԲ խորհրդի նիստում, որի ժամանակ ԿԲ-ն տարվա սկզբից վեցերորդ անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.75%
Արդյունքում, ԿԲ-ն վերանայել է ներքին պահանջարկի զարգացման ակնկալիքները: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:
ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում տնտեսական աճը 2016 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 1,5 տոկոս` տարվա առաջին երեք ամիսներին գրանցված 4,5 տոկոսի համեմատ:
Պետական բյուջեի համաձայն, 2016 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով: Ընդ որում, Հայաստանի իշխանությունները լավատեսական են տրամադրված և 2016թ.-ի արդյունքներով ակնկալում են 4 տոկոսի տնտեսական աճ: ՀՀ ֆինանսների բախարար Վարդան Արամյանի վերջին կանխատեսմամբ, 2016 թ.-ի արդյունքում Հայաստանում ՀՆԱ աճը սպասվում է 2,4 տոկոսի սահմանում, իսկ 2017 թ.-ին` 3,2 տոկոսի սահմանում:–0–