Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ վարչապետ. ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ

04.10.2016, 14:51
Երեքշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
ՀՀ վարչապետ. ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է` Կարեն Կարապետյանը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Իվան Վոլինկինը շնորհավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել նրան նորանոր ձեռքբերումներ: Դեսպանը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում: 

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի: -0-