Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները

19.09.2017, 20:25
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը:
ՀՀ  վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն և Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին, հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին` Հայաստանին ու Արցախին արտաքին հատկացումների տրամադրման համար:

Կառավարության ղեկավարն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ներդրումների խրախուսման տեսանկյունից վարչապետը կարևորել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի և կառավարության կողմից Հայաստանի ընդգրկումը «GSP» համակարգի արտոնությունների օգտագործման երկրների շարքում: Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել նաև Հայաստանի և Ամերիկայի միջև շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ արդեն մի շարք հաջողված ծրագրեր կան:

Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի կատարելագործման շուրջ՝ մասնավորապես քննարկելով կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր: Երկկողմ տնտեսական կապերի հետագա խթանման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման մեջ և կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերն այդ գործընթացում:

«Մենք մեր ռազմավարությունը կառուցում ենք այնպես, որ պարտավոր ենք լինել ուժեղ, որպեսզի մեր անվտանգությունն ապահովենք: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունները շատ պարզ ու թափանցիկ են, և մեզ օգտակար կլինի, եթե միջազգային հանրությունը, տեսնելով այդ ամենը, իր հստակ վերաբերմունքն արտահայտի», - նշել է կառավարության ղեկավարը:–0–