ՀՀ վարչապետը հանձնարարեց ստուգել նավթամթերքի շուկան

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի նիստի ժամանակ հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին ստուգել երկիր մատակարարվող նավթամթերքի որակը։
Փետրվարի վարջին խորհրդարանում Կարապետյանի արած հայտարարությունը, որը վերաբերում էր նավթամթերքի որակին, մեծ արձագանք էր ստացել հասարակության շրջանում։ Վարչապետը, մասնավորապես, հայտարարել էր, որ 2016 թ.–ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ արձանագրվել էին բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չէր աշխատում վառելիքի վատ որակի պատճառով։
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին և շուկային», – նշեց Կարապետյանը։
Այս կապակցությամբ վարչապետը հանձնարարեց Կարայանին մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ` բենզինի դիզելային վառելիքի և այլ վառելանյութեր վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման որակի վերահսկողության գործառույթները առավել արդյունավետ իրականացման նպատակով։
Ինչպես նիստից հետո պարզաբանեց Կարայանը, վարչապետի հանձնարարականն անմիջականորեն կապված է վառելիքի մասին նրա նախկին հայտարարության հետ, ինչի կապակցությամբ նախարարությունը կուսումնասիրի շուկան և կառավարությանը կներկայացնի եզրակացություն և առաջարկներ։
Միաժամանակ Սուրեն Կարայանը չհամաձայնեց, որ նավթամթերք ներկրող խոշոր ընկերությունները տարիներ շարունակ խաբել են սպառողին` վաճառելով անորակ նավթամթերք:
«Եթե նավթամթերքը ներմուծվում է ԵՏՄ-ից, ապա դա ուղեկցվում է որակի վերաբերյալ համապատասխան սերտիֆիկատով, իսկ եթե այն ներմուծվում է երրորդ երկրից, ապա մենք ինքներս ենք ստուգում որակը»,- ասաց նա` վստահեցնելով, որ ստուգելու են մանրածախ շուկայում գտնվող նավթամթերքի որակը։–0–