Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ վարչապետը նշել է ապրանքային մի շարք շուկաների ապամենաշնորհացման առաջին քայլերը

02.06.2016, 14:31
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հրապարակել է ապրանքային մի շարք շուկաների ապամենաշնորհացման առաջին քայլերը:
ՀՀ վարչապետը նշել է ապրանքային մի շարք շուկաների ապամենաշնորհացման առաջին քայլերը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հրապարակել է ապրանքային մի շարք շուկաների ապամենաշնորհացման առաջին քայլերը: 

Մայիսի 12-ին հանձնարարականի համաձայն, Էկոնոմիկայի նախարարությանը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարվել է ուսումնասիրել հայկական շուկայում գործող մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմանների ապահովման վրա և ներկայացնել առաջարկներ:

«Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ», - ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

«Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ և թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու», - ասաց Աբրահամյանը:

Այս կապացությամբ, վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ` ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցները պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցները երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքնելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն:

«Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը», - ասաց Աբրահամյանը:

Վարչապետն առաջարկել է քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը:

Վարչապետի խոսքով, այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով:

Վարչապետը հանձնարարեց նաև «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին` համագործակցելով բոլոր առնչվող գերատեսչությունների հետ եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը և դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաև զանազան լաբորատորիաներից և ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները:

Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը ստանձնել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: -0-