Հայաստանի և Լիտվայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թ.–ի առաջին կիսամյակում աճել է 21,6%–ով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Լիտվայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թ.–ի առաջին կիսամյակում, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 21,6 տոկոսով, հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Քարայանը։
«Հայաստանի և Լիտվայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 4,5 մլն դոլար։ Սակայն երկու պետությունները համագործակցության հետագա խորացման ներուժ են տեսնում, ինչը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը», – հայտարարեց նախարարը հայ–լիտվական միջկառավարական հանձնաժողովի 2–րդ նիստի եզրափակիչ միջոցառման ժամանակ։
Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ ապրանքաշրջանառության ընդհանուր աճի դեպքում հայկական ապրանքների արտահանումը Լիտվա 2017 թ.–ի առաջին կիսամյակում կրճատվել է 38,9 տոկոսով։
«Նշված ժամանակահատվածում Հայաստանը Լիտվա է արտահանել 1,1 մլն դոլարի ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանած 1,8 մլն դոլարի համեմատ», – հայտարարեց Քարայանը։
Հայ–լիտվական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնությունը ձեռք է բերվել 2014 թ.–ին` Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հայաստանյան այցի ժամանակ։ Հայ–լիտվական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թ.–ի նոյեմբերին Վիլնյուսում։–0–