Հայաստանի պետական կառավարման ապարատում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը շաբաթ օրն ԱԺ հանձնաժողովներում 2019թ.–ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց, որ քննարկվում է Հայաստանի պետական կառավարման ապարատի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը։
«Կառավարման ապարատը միշտ ենթարկվել է քննադատության ուռճացված և ոչ արդյունավետ հաստիքների պատճառով։ Նախատեսվում է, որ ժամանակի ընթացքում, հնարավոր է, օբյեկտիվորեն և հիմնավոր կերպով ստեղծված կառուցվածքային միավորները վերագնահատվեն, և դրա համաձայն` ընդունվեն որոշումներ կառույցներից յուրաքանչյուրի հարցում», – ասաց նա։
Ջանջուղազյանի խոսքով, դա թույլ կտա առավելագույնս մոբիլիզացնել և արդյունավետ օգտագործել գոյություն ունեցող ռեսուրսները պետական կառավարման գործընթացը կառուցելու համար։
Նրա խոսքով, կվերանայվի կառույցների ղեկավարների և աշխատակիցների հարաբերակցությունը, ինչը թույլ կտա ստեղծել լրացուցիչ դրույքներ։
«Վերագնահատման և վերաիմաստավորման փուլում են գտնվում տարբեր կառուցվածքային գերատեսչություններ, օրինակ` հիմնադրամներ, որոնց ստեղծումը հանգեցրել է պատասխանատվության փոշիացման։ Նախատեսվում է, որ այն գործառույթները, որոնք այս կամ այն պատճառով իրենց տեղն են գտել ոչ պետական կազմակերպություններում, կփոխանցվեն պետական կառավարման ապարատին», – նշեց նախարարի պաշտոնակատարը։
Ջանջուղազյանը նաև տեղեկացրեց, որ հաճախ նշվում է, որ անհնար է պետական ապարատ ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների բարձր աշխատավարձի հետ կապված հարցերի պատճառով։
«Հաշվի առնելով պարգևատրումների գոյություն ունեցող մակարդակը` նախատեսված է հատկացնել լրացուցիչ միջոցներ, որոնք թույլ կտան 30%–ով ավելացնել Պետական ապարատի համար պարգևատրումների հիմնադրամի միջոցները», – ասաց նա։
Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, եկամտի մասը կազմում է 1,5 տրիլիոն դրամ, ծախսերը` 1,6 տրիլիոն դրամ, պակասուրդը` մոտ 150 մլրդ դրամ։ Պետբյուջեի նախագծով, կապիտալ ծախսերը, 2018 թ.–ի համեմատ, կաճեն. 2018 թ.–ին սպասված ՀՆԱ–ի 2,3%–ի փոխարեն 2019 թ.–ին դրանք կկազմեն ՀՆԱ–ի 3%–ը։
Ծախսերի կառուցվածքում հիմնական տեսակարար կշիռը բաժին է հասնում սոցիալական և մշակութային ոլորտներին` բոլոր ծախսերի մոտ 44%–ը, պաշտպանությանը, անվտանգությանն ու հասարակական կարգի պահպանմանը նախատեսված է մոտ 24%, տնտեսության իրական հատվածին` 12,3%, պետբյուջեի մոտ 10%–ը կուղղվի պետական պարտքի սպասարկմանը, 3,2%–ը` համայնքային բյուջեների դոտացիաներին, 5,8%–ը` պետական իշխանության մարմինների ծախսերին։ ($1 – 486,55 դրամ)–0–