Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում մեկնարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունը

19.08.2016, 19:51
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը։
Հայաստանում մեկնարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն կապահովի 700 աշխատատեղ:

Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը։

«Մենք մեծապես կարևորում ենք նման խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագրին և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի և հանքի շինարարությունը կավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը ծրագրի շինարարության մեկնարկն է, ինչի համար, որպես կառավարության ղեկավար, ուրախ եմ», – նշել է նա։

Կառավարության ղեկավարը ողջունել է նաև միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը ծրագրին և համոզմունք հայտնել, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար, իսկ նոր աշխատատեղերը կնպաստեն մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման իրականացումը միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան և հանքի շահագործումը նորագույն տեխնոլոգիաներով:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորել է Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վստահության և շարունակական աջակցության համար:

Միջոցառմանը ներկա են եղել կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Վայոց Ձորում վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև սահմանամերձ Խնձորուտ համայնք, հանդիպել տեղի բնակչությանը, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի:

премьер в Вайоц Дзоре
Վարչապետն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում և պետությունը շարունակելու է ենթակառուցվածքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացումը:–0–