Հայաստանում շինարարության ծավալը 6 ամսում կրճատվել է 7,8%-ով` մինչև 125 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար–հունիս ամիսներին կազմել է 125 մլրդ դրամ` 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ նվազելով 7,8 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում շինարարության ծավալը բնակչության հաշվին կազմել 29 201 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 23,4 տոկոսը (անկումը` 9%)։
Կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 58 440,8 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 46,7 տոկոսը (անկումը` 15%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 2 041,8 մլն դրամ, պետական բյուջեի հաշվին` 12 898,2 մլն դրամ (անկումը` 30,1%), համայնքային միջոցների հաշվին` 1 889,4 մլն դրամ (2,7 տոկոսի աճ)։
Բացի այդ, միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը 6 ամսում կազմել է 20 617,1 մլն դրամից ավելի կամ 16,5 տոկոս` աճելով 75,5 տոկոսով։ Ընդ որում, միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 4 790,3 մլն դրամ, ԱԶԲ–ին` 11 660,9 մլն դրամ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին`131,3 մլն դրամ և այլ բանկերին` 4 034,6 մլն դրամ։ ($1 – 476.02 դրամ)։ —0-