Իրանցի գործարարին չեն թողել բենզինի հայկական շուկա. թերթ
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Իրանցի գործարար Արշիա Մոնջեզիին չեն թողել բենզինի հայկական շուկա, գրում է «Ժամանակ» թերթը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Հայաստանում բենզինի և դիզվառելիքի շուկայում մենաշնորհ չկա և յուրաքանչյուր ցանկացող կարող է զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ:
Սակայն ինչպես նշում է թերթը, իրանցի գործարարը բախվել է վառելիքի ներկրման հետ կապված խնդրի հետ: Մասնավորապես, ամիսներ առաջ նա նպատակ ուներ Իրանից Հայաստան էժան բենզին ներկրել, բայց նրան զգուշացրեցին, որպեսզի նա այդ շուկա դուրս չգա:
Պարբերականը գրում է, որ եթե Հայաստանում Regular մակնիշի բենզինի լիտրի գինը 390 դրամ է, ապա Վրաստանում նույնը մոտավորապես 250 դրամ է: Իրանցի գործարարը, իր բոլոր ծախսերը հաշվի առնելով, նախատեսում էր հայկական շուկա ներկրել բենզին և վաճառել այն 270-290 դրամով:
«Մենք միշտ ասել ենք, որ եթե ուզենան, կարող ենք բերել կամ Պարսկաստանից, կամ Թուրքմենստանից, կամ ուրիշ երկրներից, որ ավելի էժան լինի», - մեջբերում է թերթը Մոնջեզիի խոսքերը:
«Ռուսաստանից` «Ռոսնեֆտից» է գալիս բենզինը, իրենք են որոշում` ինչքանով ծախեն: Դա մի սովորական հարց չէ, որ կարողանանք լուծել», - ասել է Մոնջեզին` ավելացնելով, որ չնայած վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանում վառելիքի շուկայում մենաշնորհ չկա, դռներն էլ բաց են, նա այդ դռնով երկրորդ անգամ անցնել այլևս չի պատրաստվում:
2015 թ.-ին 297.9 հազար տոննա նավթ ու նավթամթերք է ներկրվել Հայաստան` 213.4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Նավթամթերքի մեծ մասը ռուսաստանյան «Ռոսնեֆտին» է բաժին ընկնում` կազմելով Հայաստանի ողջ շուկայի 73 տոկոսը կամ 217.6 հազար տոննան` 149.6 մլն դոլար ընդհանուր արժեքով: -0-