«Լիկվոր» դեղագործական ընկերությունը 342 մլն դրամ է ներդրել սարքավորումներ գնելու համար
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. «Լիկվոր» դեղագործական ընկերությունը 342 մլն դրամ է ներդրել սարքավորումներ և հումք գնելու համար, ընկերությունը կավելացնի երկրում արտադրության ծավալները, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ թույլատրել է «Լիկվոր» ընկերությանը չվճարել մաքսային տուրքն առաջնահերթ ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի կապակցությամբ։
Ընկերությունը զբաղվում է դեղերի և դեղորայքի արտադրությամբ, գործում է քիմիական արտադրության ոլորտում և արտոնության տրամադրումը թույլ կտա նրան իրականացնել նոր ներդրումային ծրագիր, ստեղծել նոր աշխատատեղեր։
«Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, ինչի համար ներկրվել է 342 մլն դրամի սարքավորում և հումք։ Ընդլայնման հաշվին նախատեսվում է արտադրության ծավալները հասցնել 642 մլն դրամի», – ասաց Ճշմարիտյանը։ Նրա խոսքով` նախատեսվում է, որ արտադրության 70–80 տոկոսը կարտահանվի։
Նա նաև նշեց, որ ընկերությունն ունի GMP հավաստագիր, ինչը թույլ է տալիս արտահանել արտադրանքը ԵՄ երկրներ և ԱՄՆ։
«Լիկվոր» ընկերությունը ստեղծվել է 1991 թ.–ի մայիսին և դարձել է Հայաստանում գործող առաջին մասնավոր ձեռնարկությունը, որն արտադրում է պատրաստի դեղորայք։ Ընկերությունն արտադրում է 60 անուն ինֆուզիոն, ինյեկցիոն, ակնաբուժական, հեմոստատիկ դեղորայք և արտահանում է իր արտադրանքը ԱՊՀ գրեթե բոլոր երկրներ։ Որոշ ոլորտներում, ինչպիսին օրինակ ինֆուզիոն թերապիան և ակնաբուժությունն է, ընկերության դեղորայքը համարվում է բազային բուժման ստանդարտ սխեմաներում ($1 – 485,69 դրամ)։-0-