Ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ժամանակավորապես կդադարեցվի հանրապետության բնական գազի մատակարարումը, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որ 2016 թ.-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գազամատակարարումը դադարեցվելու է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, ընկերությունը զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։
2013 թ.-ի դեկտեմբերին ռուսական «Գազպրոմ» հոլդինը և «Գազպրոմ Արմենիա»-ն պայմանագիր են ստորագրել 2014-2018 թթ.-ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման շուրջ: Պայամանագրի համաձայն, «Գազպրոմ»-ը տարեկան պետք է իրականացնի Հայաստան մինչև 2,5 մլրդ կուբամետր գազի մատակարարում: -0-