Սևանա լճի մակարդակը վերջին 14 տարում բարձրացել է մոտ 4 մետրով. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի մակարդակը վերջին 14 տարում բարձրացել է մոտ 4 մետրով, չորեքշաբթի կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով` լճի մակարդակը 2001 թ.–ին կազմում էր 1986,31 մետր, իսկ 2015 թ.–ի վերջին տվյալներով` այն արդեն հասել է 1990,22 մետրի։
Նա նաև նշեց, որ ջրի 1 սմ մակերևույթի ավելացումը նշանակում է, որ լճում ավելացել է 13,5 խորանարդ մետր ջուր։ Հետևաբար, հաշվի առնելով լճի մակարդակի աճի ցուցանիշը, Սևան է ավելացվել մոտ 5,4 մլրդ խորանարդ մետր ջուր։
«Սա բավականին մեծ ձեռքբերում է երկրի համար, որին հաջողվել է հասնել կառավարության և Բնապահպանության նախարարության իրականացրած հետևողական քաղաքականության հաշվին», – ասաց Այվազյանը։
Որպես դրական գործոն նա նաև նշեց Սևանից ջրի բացթողումների կրճատումը, որը թույլ է տալիս պահպանել լճի ջրային ռեսուրսները։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։
ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի հունվարի 30–ին հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններին, ըստ որոնց` մինչև 2019 թ.–ը կավելանան Սևանա լճից ջրի բացթողման ծավալները ոռոգման կարիքների համար։–0–