«Տաշիր կապիտալը» կստանձնի «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարումը փոխանցել «Տաշիր կապիտալին»:
Ինչպես նիստում նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը, «Տաշիր կապիտալը» , որը կստանձնի «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարումը, արդեն տիրապետում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ակտիվներին:
Ըստ նրա` ներկայում «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» ՓԲԸ–ի ակցիաների 100% - ը պատկանում է պետությանը: Հավատարմագրային կառավարման պայմանագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» բաժնետոմսերի 100%–ը հավատարմագրային կառավարման կփոխանցվի «Տաշիր կապիտալ» ընկերությանը, այսինքն` 649.231 բաժնետոմսերը, յուրաքանչյուրը 13 600 դրամ անվանական արժեքով (ընդհանուր առմամբ` 8.8 մլրդ դրամ. խմբ.):
Ըստ համաձայնագրի` ընկերությունը 5 տարվա հավատարմագրային կառավարման իրավունք կստանա` նույն տևողությամբ և նույն պայմաններով պայմանագրի հնարավոր երկարաձգմամբ։
««Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարման առավելություններից նշվում է ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (այն նույնպես պատկանում է «Տաշիր կապիտալին»-խմբ.) աշխատանքների համաժամանակեցման դեպքում ծախսերի օպտիմալացումը։ Գործարքի առավելություններից է նաև ներդրումային արդյունավետության աճը, կառավարման և միասնական տեխնիկական քաղաքականության ներդրումը«,–նշեց Գևորգյանը:
Փոխնախարարը նշեց, որ երկու ընկերությունների նման սիներգիան թույլ կտա առավելագույնս օպտիմալացնել ծախսերը: Բացի այդ, նախատեսվում է, որ ընկերությունը կարող է ստանձնել հայ-վրացական էլեկտրահաղորդման գծերի շինարարության ներդրումային ծրագիրը, տրանսֆորմատորային ենթակայանի, ինչպես նաև համակարգի վեց ենթակայանների վերանորոգումն ու արդիականացումը:
Ըստ նրա, կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը, որը պետք է ներառի պարտավորություններ և հստակ ցուցանիշներ։
«Պայմանագիրն ուժ մեջ կմտնի միայն կառավարության կողմից հավատարմագրային կառավարման ծրագրի հաստատումից հետո։ Ընդ որում` պետությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ հրաժարվել հավատարմագրային կառավարումից` այդ մասին ծանուցելով կառավարող ընկերությանը», - ասաց Գևորգյանը:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) պետական ՓԲԸ–ի ենթակայության ներքո է էլեկտրահաղորդումների բարձրավոլտ գծերի օղակաձև փակ ցանցը Հայաստանի տարածքում` 220/110 կՎ լարումով։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն էներգետիկ ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է Հայաստանի սպառողներին էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ:
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գերծարար Սամվել Կարապետյանին, ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ հոլդինգից գնել է երկու հայկական էներգոակտիվներ` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն («ՀրազՋԷԿ»): ($1 – 478,55 դրամ). -0-