Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման առաջին փուլը կավարտվի 2016 թ. մարտին

27.10.2015, 16:08
Հայաստանի ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. Մարտին, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստում։
Հայաստանի ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման առաջին փուլը կավարտվի 2016 թ. մարտին
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. Մարտին, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստում։

Նախագահը հիշեցրեց, որ 2014թ. դեկտեմբերին և 2015թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել են  համաձայնագրեր երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրի երկարաձգման համագործակցության և այդ ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ:

«Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել, և աշխատանքներն սկսվել են: Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով։ Առաջին փուլ՝ ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր»,–նշեց Սարգսյանը

Նրա խոսքերով, առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը:

«Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալը»,–ասաց նախագահ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ երկրորդ փուլով նախատեսվում է լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը:

Համաձայն,  Ռուսաստանի հետ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման և այդ նպատակով վարկային և դրամաշնորհային ռեսուրսների տրամադրման հետ կապված 2015 թվականին կնքված երկու համաձայնագրերի` Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով, 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։–0--