Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի ֆինանսական համակարգը կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը:

27.12.2014, 15:38
Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ամանորի ավանդական ընդունելության ժամանակ։
Հայաստանի ֆինանսական համակարգը կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ամանորի ավանդական ընդունելության ժամանակ։

«Թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական և քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է»,–ԿԲ նախագահի խոսքերն է մեջբերել բանկային համակարգի կարգավորողի մամուլի ծառայությունը։:

Այդ կապակցությամբ Ջավադյանը, որ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները:

«Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը»,–ընգծել է նա։:

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։ 

Միաժամանակ ԿԲ նախագահը երախտիքի խոսք է ուղղել  այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից։

«Ցանկանում եմ շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից,–ասել  է Ջավադյանը և ավելացրել, որ  ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: 

Միաժամանակ, Ջավադյանի խոսքերով,  նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ աշխարհում առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար: 

«Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ»,–մեկնաբանել է նա։:

Նրա խոսքերով` երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակին էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման  քաղաքականությունը: 

«Տարվա վերջի զարգացումները փոխեցին մեր քաղաքականության ուղղությունը, և այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացն ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ»,–ասել է նա:  

Դեկտեմբերի 23-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%: Վերջին անգամ ՀՀ ԿԲ–ն փոխել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2014 թ.–ի օգոստոսի 12–ին` 7 տոկոսից դարձնելով 6,75 տոկոս։

2014 թ.–ի պետբյուջեի համաձայն` հայկական տնտեսության աճն այս տարի նախատեսված է 5,2 տոկոսի չափով, իսկ Հայաստանի 2015 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի իրական աճն ամրագրված է 4,1 տոկոսի մակարդակում։ Միաժամանակ գնաճը 2014 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ Նմանատիպ ցուցանիշ է ամրագրված նաև 2015 թ.–ի պետբյուջեում։–0–