Շաբաթ օրը Երևանում կբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շաբաթ օրը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այն կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին
Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1680 գյուղատնտեսներ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Նախարարության տվյալներով` նախորդ տարի հունիսի 8–ից նոյեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում Կասյան փողոցի վրա կազմակերպվել է 40 գյուղատնտեսական տոնավաճառ, որոնց մասնակցել է 5520 ֆերմերական տնտեսություն։ Մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է միջինը 45–50 տոննա գյուղմթերք։ –0–