ՀԷՑ–ի նոր սեփականատերը կարդիականացնի ընկերությունն ու արմատախիլ կանի կոռուպցիան
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը` «Տաշիր» ընկերությունների խումբը, նախատեսում է արդիականացնել ընկերությունն ու անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ։ Այս մասին նշվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԷՑ–ի պաշտոնական կայքում։
2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Գործարքին արդեն հավանություն են տվել ՀՀ կառավարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Կողմերի պայմանավորվածության համաձայն` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷՑ-ի կառավարման պարտականությունը: Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:
Կարապետյանի խոսքով` ՀԷՑ–ի զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
«Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ», – հայտարարել է նա։
Միաժամանակ ընկերության նախագահն ավելացրել է, որ ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ նոր ղեկավարությունը կրճատելու է ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:
«3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ», – նշել է Կարապետյանը։
Կարապետյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշվել է իր անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով, փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար:
«Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը», – նշել է Կարապետյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն իրականացնում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման գործունեություն, ինչպես նաև էլեկտրաէներգիան Վրաստան և Լեռնային Ղարաբաղ արտահանելու արտոնագիր ունի։ –0–