Ռուսաստանի ֆինանսական դժվարությունները բացասաբար են ազդում հայկական տնտեսության վրա. Փորձագետ
03.12.2014,
18:04
Ռուսաստանը ֆինասական ոլորտում դժվարություններ ունի, ինչն անդրադառնում է նաև Հայաստանի վրա, և այստեղ տնտեսական դժվարություններ են առաջանում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը ֆինասական ոլորտում դժվարություններ ունի, ինչն անդրադառնում է նաև Հայաստանի վրա, և այստեղ տնտեսական դժվարություններ են առաջանում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ռուսաստանին փորձում են մեկուսացնել` այդպիսով փորձելով ազդել նրա վրա, իսկ «Հարավային հոսքի» չեղյալ հայտարարելն այդ խաղի մի մասն է։ Դրա ֆոնին կտրուկ նվազում են նավթի գները` հասնելով կրիտիկական արժեքների։ Ռուսաստանը ֆինանսական դժվարություններ ունի, ինչն անդրադառնում է նաև Հայաստանի վրա` տնտեսական բարդություններ ստեղծելով նաև այստեղ, ինչը դրսևորվում է ոչ միայն դրամի արժեզրկման տեսքով»,– ընդգծեց Իսկանդարյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Թուրքիայում կայացած բանակցությունների ընթացքում նշել է, որ ներկայիս պայմաններում Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսք» նախագծի իրագործումը, այդ թվում, Եվրամիության ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Միաժամանակ Թուրքիայի կարիքները բավարարելու համար Ռուսաստանը նոր գազատար համակարգ կկառուցի։ Ավելի ուշ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Հարավային հոսքը» փակ է։
«Ռուսաստանը փորձում է շրջանցել Արևմուտքը, (ոչ միայն Թուրքիայի) այլ շուկա դուրս գալու հնարավորություններ գտնել, խոսքը նաև Չինաստանի, Հնդկաստանի մասին է։ Որքանով է դա ճնշման տարր, որքանով լուրջ են այդ մտադրությունները, ես չգիտեմ։ Դա բավականին լուրջ խաղ է, շատ բան է դրված ռիսկի տակ»,– նշեց Իսկանդարյանը։
Միաժամանակ, ըստ նրա, Պուտինի` Թուրքիա կատարած այցը որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ։-0-