Գործածված ավտոմեքենաները Հայաստանում կարող են եռակի թանկանալ ՄՄ մտնելուց հետո
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գործածված ավտոմեքենաները Հայաստանում կարող են եռակի թանկանալ Մաքսային միությանն անդամակցելուց հետո, հայտարարեց Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով` 5 տարուց ավելի գործածված ավտոմեքենաները Ռուսաստանում ներկրելիս հարկվում են շարժիչի ծավալի խորանարդ սանտիմետրի դիմաց 5 եվրո հաշվարկով։
«Ստացվում է, որ եթե հիմա մենք մաքսազերծում ենք ավտոմեքենաները 1200 դոլարով, ապա հաջորդ տարի (միասնական մաքսատուրքերի դեպքում), հնարավոր է` մաքսազերծենք արդեն 6–9 հազար դոլարով։ Եվ եթե հիմա ավտոմեքենաները ներկրում ենք 3–3,5 հազար դոլարով, ապա 10–15 տարվա մեքենաները, որոնք այժմ վաճառվում են 5–5,5 հազար դոլարով, կիրացվեն 15 հազար դոլարով», – չորեքշաբթի հայտարարել է Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ավելացրել է, որ ավտոներկրողները դեմ չեն ՄՄ–ին Հայաստանի անդամակցությանը, սակայն կոչ են անում կառավարությանն ուշադիր լինել այս հարցում և բանակցությունների ընթացքում հաշվի առնել իրենց շահերը։
Միության նախագահի տվյալներով` Հայաստանում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվում է 5–10 հազար մարդ։
Այս կապակցությամբ նա հիշեցրել է Բելառուսի փորձը, որի քաղաքացիները ստացել են երկամյա նախապատրաստական ժամկետ ՄՄ մտնելուց հետո արտասահմանյան ավտոմեքենաների տուրքերի բարձրացումից առաջ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանն առաջարկում է բացառությունների ցուցակում ընդգրկել 800 անուն ապրանք ՄՄ–ին անդամակցելու գործընթացի շրջանակներում, այդ ապրանքների ցուցակում ներառվում է, մասնավորապես, դեղորայք և ավտոմեքենաներ։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–