Նավթի Brent տեսակի մեկ բարելի գինն ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 54 դոլարը

ԵՐԵՎԱՆ, մայիսի 22. /ԱՌԿԱ/. Նավթի Brent տեսակի հուլիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում առուվաճառքի ընթացքում աճել է 1,03%–ով և կազմել 54,17 դոլար` մեկ բարելի դիմաց: Այս մասին են վկայում առուվաճառքի տվյալները:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` վերջին անգամ նավթի այս տեսակի գինը գերազանցել է 54 դոլարը 2017 թ-ի ապրիլի 19-ին:
Նավթի գինը սկսել է աճել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և հանքահումքային պաշարների նախարար Խալեդ ալ-Ֆալեխի այն հայտարարությունից հետո, որ ՕՊԵԿ-ի համաձայնագրի բոլոր մասնակիցները և նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրից դուրս գտնվող երկրները համաձայնել են ևս 9 ամսով երկարաձգել պայմանավորվածությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ալ-Ֆալեխի հետ հայտարարել էր, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պատրաստ են նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին իրենց մասնակցությունը երկարաձգել մինչև 2018 թ-ի մարտի վերջ:
Նախարարները վստահեցրել են, որ Վիեննայում մայիսի 24-25-ը կայանալիք համաձայնագրի բոլոր ասնակիցների հանդիպմանը կառաջարկեն երկարաձգել նավթի արդյունահանման կրճատման (օրական 1,8 մլն բարելով) համաձայնագիրը։–0–