Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՄՄ–ն ավելի արդյունավետ և ձեռնտու է Հայաստանի համար. էկոնոմիկայի նախարար

10.02.2014, 13:32
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ Մաքսային միությունն ավելի արդյունավետ և ավելի շահավետ է Հայաստանի համար, քան ԵՄ–ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։
ՄՄ–ն ավելի արդյունավետ և ձեռնտու է Հայաստանի համար. էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ Մաքսային միությունն ավելի արդյունավետ և ավելի շահավետ է Հայաստանի համար, քան ԵՄ–ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

«Ես այն բանի կողմնակիցն եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ ընդունի այնպիսի որոշումներ, որոնք տալիս են կարևորագույն արդյունքներ։ Այս դեպքում կարծում եմ, որ ՄՄ–ն մեզ համար այն ուղին է, որն ավելի արդյունավետ և ավելի շահավետ է, քան եվրաինտեգրման շրջանակներում ազատ առևտրի համաձայնագիրը», – ասել է Ավանեսյանը «Արմենիա» հեռուստաալիքի Ռ–Էվուլյուցիա ծրագրին տված հարցազրույցում։

Նա նաև ավելացրել է, որ Հայաստանը շարունակում է ինտենսիվորեն աշխատել ԵՄ–ի հետ։

Նախարարի խոսքերով` երբ ԵՄ–ի հետ բանակցություններ էին ընթանում ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում և քննարկվում էր առավել շահավետ տարբերակը, ապա հնարավորություն չկար քննարկել ՄՄ–ին միանալու խնդիրը, քանի որ կար հստակ դիրքորոշում, հատկապես Ռուսաստանի կողմից, մասնավորապես, դա այն էր, որ մաքսային սահմանի բացակայության դեպքում Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին անհնար է։

Սակայն ինչպես կարծում է նախարարը, տնտեսագետը պետք է փոխի իր դիրքորոշումը` հաշվի առնելով փոխված հանգամանքները։ Նրա խոսքերով` փաստերը փոխվել են։ Հայկական կողմը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եկել են այն եզրահանգման, որ կարելի է դառնալ ՄՄ անդամ` չունենալով մաքսային սահման։

«Ռուսական կողմի հետ քննարկման ժամանակ Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ձեռք է բերվել համաձայնություն այն բանի շուրջ, որ Հայաստանը կարող է դառնալ ՄՄ անդամ, և այդ ժամանակ միանգամից հարց է ծագել` ո՞րն է ավելի շահավետ` Մաքսային միությու՞նը, թե՞ Ազատ առևտրի համաձայնագիրը», – ասել է Ավանեսյանը։

«Կարծում եմ, որ այսօր սա միանշանակ լավագույն տարբերակն է», – նշել է նախարարը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–