Հայաստանում ՓՄՁ–ների մոտ կեսը ֆինանսական միջոցների հասանելիություն չունեն. Փորձագետ
22.01.2015,
17:55
Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին բիզնեսի մոտ 50 տոկոսը չունի ֆինանսական միջոցների հասանելիություն, հինգշաբթի ասաց USAID–ի «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի տեխնիկական խորհրդատու Էնթոնի Սինքլերը` անցկացված ուսումնասիրության արդյունքների ներկայացման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին բիզնեսի մոտ 50 տոկոսը չունի ֆինանսական միջոցների հասանելիություն, հինգշաբթի ասաց USAID–ի «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի տեխնիկական խորհրդատու Էնթոնի Սինքլերը` անցկացված ուսումնասիրության արդյունքների ներկայացման ընթացքում։
Հունվարի 22–ին USAID–ի «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (FED) ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանի մարզերում գործող ՓՄՁ–ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրության շրջանակում առաջարկվում է ավելի քան 100 միջոցառում, որոնց իրականացումը կնպաստի ՓՄՁ–ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը։
«Ֆինանսների հասանելիությունը (ՓՄՁ սուբյեկտների համար), այլ երկրների համեմատ, Հայաստանում վատ վիճակում է։ ՓՄՁ–ների մոտ 50–ը չունի ֆինանսական միջոցների հասանելիություն, իսկ գյուղերում այդ թիվը հասնում է 60–70 տոկոսի։ ՓՄՁ 5 սուբյեկտներից չորսը գտնվում են ֆինանսավորման շրջանակներից դուրս կամ սեփական կամքով կամ այլ հանգամանքների պատճառով», – ասաց Սինքլերը։
Նրա խոսքերով` արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը և ՏՏ–ն կազմում են Հայաստանի տնտեսության 30 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ մնացած ճյուղերը որոշակիորեն կախված են այդ ոլորտներից, այդ պատճառով տնտեսության այդ սեգմենտներում գործող ՓՄՁ ձեռնարկությունների ֆինանսավորումը հարկավոր է դարձնել առավել հասանելի։
«Հարկավոր է ստեղծել այնպիսի տնտեսություն, որը հավասար պայմաններ է ստեղծում ողջ երկրում, մասնավորապես` Երևանից դուրս գործող տնտեսվարող սուբյեկտների համար», – նշեց Սինքլերը։
Նա նշեց, որ առաջարկվող միջոցառումների թվում նշվում է վարկային առաջարկների բարելավման անհրաժեշտությունը, որոնցից շատերը ձեռնտու չեն ՓՄՁ–ների ներկայացուցիչներին, քանի որ վարկերի տրամադրմանն ուղղված առաջարկների ընդամենը 6 տոկոսն է նախատեսում ավելի քան 1 տարվա ժամկետ։
Նրա խոսքերով` հարկավոր է ձեռնարկել հստակ քայլեր` ուղղված դրամի ամրապնդմանը` վարկային պարտավորությունների վրա արժութային տատանումների ազդեցությունից խուսափելու նպատակով։
Բացի այդ, ուսումնասիրության մեջ ներկայացված առաջարկների համաձայն` հարկավոր է զարգացնել լիզինգը, ինչպես նաև ակտիվորեն օգտագործել ֆինանսական արբիտրաժի մեխանիզմը` որպես փոքր ֆինանսական հարցերի լուծման հարթակ։
«Բանկերը պետք է բազմազան դարձնեն իրենց գործունեությունը և դիվերսիֆիկացնեն իրենց աշխատանքի ուղղվածությունները։ Ունիվերսալ վարկային կազմակերպությունները ևս պետք է ակտիվացնեն իրենց գործունեությունը, քանի որ նրանց ֆինանսական ռեսուրսները հաճախ չեն հասնում այդ ռեսուրսների կարիքն ունեցող ՓՄՁ ձեռնարկություններին», – նշեց Սինքլերը։
USAID–ի FED ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի խոսքերով` նրանց առաջարկները հիմնված են շուկայի կողմից թելադրվող որոշումների վրա։
«Պետության կամ դոնոր կազմակերպությունների տրամադրած հատուկ վարկային գծերն ու սուբսիդավորումը կարող են օգնել, սակայն այդ միջոցները երկարաժամկետ հեռանկարում չեն կարող լինել կայուն և բավարար։ Ֆինանսական միջոցների ընդլայնված հասանելիությունն իր հերթին կբարելավի ֆինանսական համակարգի ընդհանուր վիճակը, և ուսումնասիրության մեջ ներկայացված որոշումները կհանգեցնեն ռիսկերի, գների նվազմանն ու տեղեկատվական հոսքերի բարելավմանը», – ասաց Մխիթարյանը։
Հայաստանի գործատուների միության տվյալներով` նախորդ տարվա վերջի դրությամբ Հայաստանում գործում է մոտ 70 հազար ՓՄՁ, որից 58 հազարը` միկրո և փոքր ձեռնարկություններ են, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը։ Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ–ի մասնաբաժինը կազմում է 43 տոկոս։
Միջոցառմանը մասնակցել են USAID–ի, Հայաստանի ֆինանսների, էկոնոմիկայի, արդարադատության և գյուղատնտեսության նախարարությունների, Կենտրոնական բանկի, միջազգային և տեղական ֆինանսական ինստիտուտների, այդ թվում նաև հայկական բանկերի և վարկային կառույցների ՓՄՁ–ի զարգացմանն աջակցող կառույցների ներկայացուցիչներ։
FED ծրագիրը կոչված է շարունակել USAID–ի միջոցառումներն` ուղղված Հայաստանում ֆինանսական հատվածի զարգացման խթանմանը, որոնք իրականացվում են 90–ականների վերջից։ Ծրագրի իրականացումը թույլ կտա ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները բանկերի և վարկային կազմակերպությունների համար, ինչպես նաև կապիտալի շուկայի միջոցով ապահովել պարտքային և մասնաբաժնային գործիքների զարգացումը կապիտալի շուկայում ներդրումային հիմնադրամների օգնությամբ, որոնք ապահովում են դիվերսիֆիկացում և ներդրումային ռիսկերի նվազում։–0–