Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Տնտեսական համագործակցության նոր հուշագիր է ստորագրվել Հայաստանի և Իրանի միջև

15.06.2017, 11:42
Նախօրեին Թեհրանում տնտեսական համագործակցության նոր հուշագիր է ստորագրվել Հայաստանի և Իրանի միջև։
Տնտեսական համագործակցության նոր հուշագիր է ստորագրվել Հայաստանի և Իրանի միջև

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Թեհրանում կնքվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների  արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը, հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Հուշագրով  նախատեսվում է երկու մարմինների միջև համագործակցության  զարգացում և ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, «հալալ» ստանդարտի վրա հիմնված ապրանքների հսկողության վերաբերյալ դասընթացների, աուդիտի իրականացում, երկու կողմերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում, ՀՀ տարածքում ԻԻՀ «հալալ» ստանդարտ մակնշման տրամադրում, «հալալ» արտադրանքի հավատարմագրման ընթացակարգերին առնչվող տեղեկատվության փոխանակում և այլն:

ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ Էմիլ Տարասյանն ընգծել է, որ ստորագրված հուշագրով կընդլայնվի համագործակցությունը տվյալ ոլորտում և կարևորել, որ «հալալի» կանոնների իրականացումից կօգտվեն թե զբոսաշրջիկները, և թե գործարարները: Իրանական կողմը առաջարկել է քննարկել նաև«հալալի» կիրառման հնարավորությունը ոչ պարենային ապրանքների նկատմամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Ն. Փիրուզբախտը, Հալալի ոլորտի համակարգող և առաջնորդ, Հալալ մակնշման պատասխանատու հոգևոր այր, հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալեմին և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը ԻԻՀ-ի հետ տնտեսության բոլոր ճյւղերում, իսկ «հալալը» ևս մեկ հնարավորություն է, որը կբերի փոխադարձ առևտրի և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

Երկկողմ կարևորվել է նաև իրանական և ԵԱՏՄ շուկաներում  պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի համապատասխանության հավաստման մարմինների (փորձարկման լաբորատորարիաների) երկու երկրներում  մասնաճյուղերի հիմնման, ստանդարտների մշակման, չափագիտության ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը:

Նույն օրը Էմիլ Տարասյանը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդում, որտեղ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:–0–