Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

2014 թ.–ին Հայաստան է այցելել մոտ 1,2 մլն զբոսաշրջիկ. սոցիոլոգ

12.05.2015, 17:13
Մոտ 1,2 մլն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2014 թ.–ին, երեքշաբթի լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
 2014 թ.–ին Հայաստան է այցելել մոտ 1,2 մլն զբոսաշրջիկ. սոցիոլոգ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոտ 1,2 մլն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2014 թ.–ին, երեքշաբթի լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Նախորդ տարի զբոսաշրջիկների ամենամեծ թիվը Հայաստան է այցելել Ռուսաստանից», – ասաց նա։

Ադիբեկյանի խոսքերով` Հայաստանի զբոսաշրջության ոլորտը լուրջ մարկետինգի կարիք ունի։

«Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչն է գրավում օտարերկրացի զբոսաշրջիկներին Հայաստանում, ինչը դուր չի գալիս, և կոնկրետ ինչ քայլեր են հարկավոր ձեռնարկել տարեկան մի քանի միլիոն զբոսաշրջիկի հոսք ապահովելու համար», – ասաց փորձագետը` պարզաբանելով, որ զարգացած եվրոպական երկրներում զբոսաշրջիկների տարեկան թիվը գրեթե հավասար է տեղական բնակչության թվին։

Ադիբեկյանը նաև ավելացրեց, որ Կալիֆոռնիայում, որը ԱՄՆ–ի տեխնոլոգիապես առավել զարգացած նահանգներից է, բյուջետային հոսքերի 60 տոկոսն ապահովվում է զբոսաշրջության  հաշվին, իսկ Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը կամ Իսպանիան տարեկան հարյուր միլիոնավոր զբոսաշրջիկներ են ընդունում։

Նրա խոսքերով` աշխարհի զբոսաշրջիկների մեծ մասը թոշակառուներ են, և 1968 թ.–ին Հայաստան այցելած թոշակառու զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցման համաձայն` պարզվել է, որ նրանց մեծ մասն այցելել է Հայաստան միայն այն պատճառով, որ մնացած բոլոր երկրներում արդեն եղել է։

«Մրցունակություն զբոսաշրջության և ճամփորդությունների ոլորտում» (The Travel and Tourism Competitiveness Report) 2015 թ.–ի գլոբալ վարկանիշի համաձայն, որը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից (World Economic Forum)` Հայաստանը զբաղեցնում է 89–րդ տեղը։

ՀՏՖ–ի 2015 թ.–ի վարկանիշի համաձայն` Հայաստանն աշխարհում առաջատարի դիրքում է խմելու ջրի հասանելիությամբ և բջջային ցանցի ծածկույթով, միաժամանակ զբաղեցնում է վերջին տեղերից մեկը ՄԻԱՎ վարակակիրների թվով։

Բացի այդ, Հայաստանը գտնվում է 38–րդ տեղում անվտանգության մակարդակով, 48–րդ տեղում` առողջապահության մակարդակով, 71–րդ տեղում` մարդկային ռեսուրսների քանակով, 73–րդ տեղը`  զբոսաշրջային ծառայությունների ենթակառուցվածքով, 77–րդ տեղը` գների մատչելիության տեսակետից, 83–րդ տեղը` միջազգային թափանցիկության գծով, 92–րդ տեղը` ավիաենթակառուցվածքով, 99–րդ տեղը` մշակութային ռեսուրսներով և գործարար այցելություններով։

Էկոնոմիկայի նախարարության տվյալով` Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.3 տոկոսով և գերազանցել 1.2 միլիոնը։ Ներգնա զբոսաշրջության ոլորտում նույնպես էական աճ է գրանցվել. ցուցանիշը 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 28.4 տոկոսով և հասել 859 հազարի։-0-