Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Ադրբեջանի արտադրության նավթամթերքով բեռնված շարժակազմը գալիս է Հայաստան. Փաշինյան

Երեկ, 15:39
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ադրբեջանից նավթամթերքի առաջին խմբաքանակի մատակարարումը
Ադրբեջանի արտադրության նավթամթերքով  բեռնված շարժակազմը գալիս է Հայաստան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով բեռնված շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ինքը ողջունում է այդ զարգացումը:

«Այդ զարգացումը, այսինքն` զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ խմբաքանակի և այլ հարցերի հետ կապված մանրամասներին այս պահին չի տիրապետում և կտիրապետի այն ժամանակ, երբ նավթամթերքը մուտք կգործի ՀՀ:

Փաշինյանը նաև անդրադարձել է Վրաստանի տարածքով տարանցումն ապահովելու սակագների հետ կապված որոշակի խնդիրներին և հույս հայտնել, որ այդ հարցերը կկարգավորվեն:

Նրա խոսքով, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, չկարգավորվելու դեպքում տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-երը  հայտնել էին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության հիման վրա, SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոնը կուղարկվի այսօր։

Նշվել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը զուտ առևտրային բնույթ ունի, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով։