Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

«Ամերիա»-ն ներկայացրել է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը նվիրված հետազոտություն

10.07.2013, 11:01
«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է հերթական հետազոտությունը` նվիրված Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Ամերիա»-ն ներկայացրել է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը նվիրված հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է հերթական հետազոտությունը` նվիրված Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, հետազոտությունը հիմնականում վերաբերում է ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծական տնտեսություններին:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ կերպով գնահատել արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտում առկա շուկայական զարգացման միտումները, դիտարկվող հատվածներում պահանջարկի և առաջարկի առանձնահատկությունները: Հետազոտությունը տալիս է համեմատականներ այլ երկրների հետ, ներկայացնում է արտաքին առևտուրը, ոլորտի հիմնական ներկայացուցիչներին, առկա մակրոտնտեսական իրավիճակի բնութագիրը, նախանշում է ոլորտի զարգացման և ընդլայնման հնարավորությունները, գնահատում է դիտարկված ենթաճյուղերում ներդրումների արդարացվածությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ ներդրումների չափն ըստ տնտեսությունների չափերի և արտադրատեսակների:

«Այժմ Հայաստանում գործում է շուրջ 900 ջերմոց, որոնց ընդհանուր տարածքը 130 հա է, իսկ Հայաստանում ամենամեծ ջերմոցի մակերեսը կազմում է շուրջ 5հա: Ջերմոցային տնտեսությունների արտադրանքի  60%-ը կազմում է բանջարեղենը, իսկ 40%-ը` ծաղիկները և դեկորատիվ բույսերը: Հայաստանում ջերմոցներում աճեցվող բանջարեղենի հիմնական տեսակներն են լոլիկը, վարունգը, լոբին և պղպեղը»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ «Ամերիա»-ի փորձագետների կանխատեսման` առաջիկա հինգ տարիներին ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարը գնահատվում է միջին, սակայն հիմնականում խոշոր տնտեսությունների հաշվին. փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:

Խաղողի և պտղա-հատապտղային տնկարկների տարածքների ավելացման միտումները վկայում են Հայաստանում այգեգործության զարգացման ներուժի մասին: Պտղի և հատապտղի տնկարկների ընդհանուր տարածքների 2/3-ը գտնվում է չորս մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք: Արտադրանքի ամենամեծ կշիռն ապահովում են Արարատի և Արմավիրի մարզերը. մասնավորապես 2012-ին ամբողջ արտադրանքի կեսից ավելին բաժին է ընկնում այդ երկու մարզին:

«Այգեգործության զարգացման հիմնական ռիսկը և խոչընդոտը բնակլիմայական պայմաններն են, հատկապես կարկուտները, և հակակարկտային կայանների ներդրման ու ճիշտ կառավարման դեպքում առաջիկա տարիներին այգեգործությունը Հայաստանում չի ունենա զարգացման մեծ խոչընդոտ»,- նշված է «Ամերիա»-ի հետազոտությունում։

Համաձայն հետազոտության` վերջին տասը տարիների ընթացքում ձկնաբուծության արտադրանքի ծավալի միջին տարեկան աճը կազմել է 28.5%, և ձկնաբուծության արտադրանքի արտահանումն այդ նույն ժամանակահատվածում  ֆիզիկական ծավալով աճել է 4.7 անգամ: Ձկնաբուծական տնտեսության զարգացման հեռանկարն առաջիկա հինգ տարիներին «Ամերիա»-ի փորձագետները գնահատում են միջին. և նշում, որ իրականում այս ենթաճյուղը բավականին մեծ պոտենցիալ ունի, իսկ իրագործելու համար անհրաժեշտ է երկու հիմնական խնդրի լուծում՝ կապված կարգավորման դաշտի հետ:

«Հաշվի առնելով ներքին տնտեսության ոչ մեծ չափերը` Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը հիմնականում պայմանավորված է արտադրանքի արտահանման հնարավորություններով»,- գտնում են «Ամերիա»-ի փորձագետները:

«Ամերիա»-ի այս հետազոտությունը միաժամանակ նախանշում է, թե ինչ նախադրյալներ, խոչընդոտներ և ռիսկեր կան ոլորտի զարգացման համար: Առանձին հավելվածով ներկայացվում են նաև ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների շրջանում իրականացված հարցման ամփոփ արդյունքները:

Արդյունաբերական գյուղատնտեսության, ինչպես նաև նախորդող ամիսներին «Ամերիա»-ի կողմից իրականացված` սննդի վերամշակման և մանրածախ առևտրի վերաբերյալ հետազոտությունները թույլ են տալիս իրական պատկերացում ունենալ գյուղատնտեսական արտադրանքի ամբողջական շղթայի վերաբերյալ` գյուղատնտեսական ապրանքից մինչև վաճառք:

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: «Ամերիա»-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` «Ամերիա»-ն տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: -0-