Ամերիաբանկը և Հոլանդիայի զարգացման բանկը 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) ստորագրեցին 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Պայմանագրի շրջանակում ստացվող միջոցներն ուղղվելու են երիտասարդ ձեռներեցների փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորմանը:
«Մենք բարձր ենք գնահատում մեր հին գործընկերոջ հետ հարաբերությունները, որոնք սկսվել են դեռևս 2009թ.: Այժմ ուրախությամբ հայտնում ենք նոր վարկային պայմանագրի կնքման մասին, որն ազդարարում է փոխշահավետ համագործակցության նոր փուլի մեկնարկը: ՓՄՁ-ների և մանրածախ բիզնեսի զարգացումն Ամերիաբանկի առաջնահերթ ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք երիտասարդ ձեռներեցների և մանրածախ բիզնեսի մեջ մեծ ներուժ ենք տեսնում, ուստի վստահ եղեք, որ այս նոր վարկային միջոցները բարեհաջող կտեղաբաշխվեն», – նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը նշեց, որ FMO-ն հպարտ է շարունակել իր սերտ և արդյունավետ փոխգործակցությունն Ամերիաբանկի հետ՝ աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը:
«Այս նոր ֆինանսավորումը կնպաստի Ամերիաբանկի շարունակական աճին և երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,– ասաց նա։
Նոր վարկային միջոցների շնորհիվ Ամերիաբանկը կմեծացնի ՓՄՁ-ների վարկավորման ծավալը՝ նպաստելով նրանց զարգացմանը և ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–