Հայկական ապրանքների արտահանման համար վաճառքի ցանց կստեղծվի Հայաստանում
16.12.2014,
18:41
Հայկական ապրանքների արտահանման համար վաճառքի ցանց կստեղծվի Հայաստանում, երեքշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ոլորտի ներկայացուցիչների հետ թեթև արդյունաբերության հիմնախնդիրների քննարկման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ապրանքների արտահանման համար վաճառքի ցանց կստեղծվի Հայաստանում, երեքշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ոլորտի ներկայացուցիչների հետ թեթև արդյունաբերության հիմնախնդիրների քննարկման ժամանակ։
Նրա խոսքերով` ՀՀ կառավարությունում հաստատման փուլում է գտնվում Համաշխարհային բանկի հետ $50 մլն. արժողության համաձայնագրի նախագիծը, որից $7 մլն.-ը նախատեսվում է ուղղել էտալոնային լաբորատորիայի ստեղծմանը, իսկ մնացած $43 մլն.-ը կուղղվի վաճառքի ցանցի ստեղծմանը և արտերկրում հայկական ապրանքի ներկայացմանը։
«Հայ արտադրողները սպառման շուկայի դիվերսիֆիկացման կարիք ունեն, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել արտահանման աշխարհագրությունը և մեծացնել արտադրության ծավալները։ Հենց դրան կուղղվի նոր ցանցի գործունեությունը»,- ասաց Ճշմարիտյանը։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ հայ արտադրողներն առավելապես աշխատում են սպառման արդեն ավանդական շուկաների հետ, այն դեպքում, երբ կարելի է օգտագործել ԵՄ-ի և արաբական աշխարհի հետ առկա համաձայնագրերի ներուժը։
Նրա խոսքերով` արտադրողը ոչ միշտ է լավ վաճառող, և առավել ևս օժտված չէ անհրաժեշտ կոմերցիոն հմտություններով, ինչում նրան կօգնի նոր համակարգը։
Ինչպես նշեց նախարարը, աջակցություն նախատեսված կլինի այն ոլորտների համար, որտեղ արտադրանքի ինքնարժեքը բավականին ցածր է, օրինակ` թեթև արդյունաբերությունը։
«Մենք կարող ենք վարձել շրջիկ գործակալների, առևտրի մենեջերների, որոնք մեր արտադրանքը առաջ կմղեն արտերկրի շուկաներում և արտադրողներին որոշակի ոճի, դիզայնի կամ որակի ապրանք արտադրելու պատվերներ կտան»,- ասաց Ճշմարիտյանը։
Նախատեսվում է, որ էտալոնային լաբորատորիան Հայաստանում կսկսի գործել մինչև 2015թ. վերջ։ Այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորմամբ` 12 տարբեր համակարգերով, որոնք կապահովեն Հայաստանում և ԵՏՄ անդամ երկրներում չափումների միասնականությունը։--0—