Առանց թանկարժեք մետադների վերաարտահանման սեպտեմբերին արտահանումը Հայաստանից դժվար թե աճեր․ ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում արտահանումը սեպտեմբերին աճել է 39%-ով (տարեկան կտրվածքով), ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – November 2024» ամփոփագրում։
«Առանց դրանց արտահանումը դժվար թե աճեր. արտահանման այս կատեգորիայում աճի տեմպը մայիսից նվազում էր՝ տարվա առաջին չորս ամիսների ուժեղ աճից հետո», - նշվում է ուսումնասիրության մեջ։
ՀԲ վերլուծաբանները նշում են, որ սեպտեմբերին ներմուծումն աճել է ընդամենը 12%-ով վերաարտահանման թուլացման պատճառով։
«2024 թվականի առաջին ինն ամիսներին ընդհանուր առմամբ արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 54 տոկոսով, միաժամանակ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կրճատվել է 24 տոկոսով (տարեկան կտրվածքով)»,- ասվում է հաշվետվության մեջ։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականի 9 ամսում, 2023թ․–ի հունվար–սեպտեմբերի համեմատ, Հայաստանից իրականացվող արտահանումն աճել է 2,1 անգամ՝ կազմելով 10,6 մլրդ դոլար։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 857,1 մլն դոլար՝ 2023 թվականի սեպտեմբերի համեմատ աճելով 38,9%-ով, իսկ 2024թ․–ի օգոստոսի համեմատ նվազելով 13,1%–ով։
Հայաստան իրականացվող ներմուծման ծավալը 2024 թվականի 9 ամիսներին կազմել է 13,1 մլրդ դոլար՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 54,2 տոկոսով։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1,1 մլրդ դոլար՝ 2023 թվականի սեպտեմբերի համեմատ աճելով 11,9%-ով, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ նվազելով 12,9%-ով։