Առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։ Կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ, և հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է»,-ասել է Փաշինյանը ՊԵԿ տարեվերջյան միջոցառման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի անվտանգության ապահովումը, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումը, ճանապարհների կառուցումը՝ այս ամեն ինչը կախված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն և ինչքանով է ծախս գեներացնում։ Վարչապետը պետական բյուջեի եկամուտների ծախսի որպես վառ օրինակ ընդգծել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի մեկնարկը տրվելու է 2026 թվականից։
«Կարծում եմ, բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում՝ ՀԴՄ, հարկեր, օրենք, օրինականություն, պետք է այս խորքային շերտերին էլ անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումն ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ՝ 50-60 հազար ընտանիք, բնակարան է ձեռք բերում նորակառույց շենքերում։ Եվ դա, ըստ էության, մի մեծ մասով տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում և այլն»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ հարկերի հավաքագրումը նաև պետության գործունակության շատ կարևոր մի ցուցիչ է։
Խոսելով տնտեսության վիճակի մասին՝ նա նշել է, որ թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես ստվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին և ընդգծել, որ դրա նպատակն ապրանքի հետագծելիություն ապահովելն է։
Վարչապետի դիտարկմամբ՝ ՊԵԿ-ի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով։
«Ընդհանուր առմամբ, հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, հնարավորություն է տալու Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ և ճիշտ արձանագրումներ անեն»,-եզրափակել է վարչապետը։